Հայաստան–Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստ
Նախաստորագրվել է օգոստոսի 8-ին, հրապարակվել՝ 2025 թ. օգոստոսի 11-ին։ Նախաստորագրումն ինքնին չի նշանակում ստորագրում, վավերացում կամ ուժի մեջ մտնել։
Կարդալ փաստաթուղթը
Ամբողջական տեքստ · Բնագրի լեզվով հրատարակություն · Ministry of Foreign Affairs of Armenia
Նախաստորագրված համաձայնագրի ամբողջական պաշտոնական հրապարակումը՝ նախաբան և I–XVII հոդվածները, հրապարակված 2025 թ. օգոստոսի 11-ին։ Ամսաթվի և վայրի չլրացված տողը պահպանված է։ Սա նախաստորագրված տեքստ է, ոչ թե ստորագրված կամ վավերացված համաձայնագիր։ ԱԳՆ հրապարակումը ներկայացնում է հայերեն և անգլերեն տեքստերը․ ստուգված ռուսերեն ամբողջական հրատարակություն տեղադրված չէ։
Հրատարակության աղբյուր · Տեքստի իրավունքներ: Հանրային սեփականություն«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիր Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով (1970թ.), Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկյան կոնֆերանսի եզրափակիչ ակտով (1975թ.) և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրով և նպատակ ունենալով զարգացնել հարաբերությունները նշված փաստաթղթերում ամրագրված նորմերի և սկզբունքների հիման վրա, արտահայտելով իրենց միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխադարձ կամքը, համաձայնել են խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատել միմյանց միջև հետևյալի հիման վրա.
Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը։
Ամբողջությամբ համապատասխանելով հոդված I-ին՝ Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի: Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում՝ այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը և աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս Կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը։
Կողմերը միմյանց հետ փոխադարձ հարաբերություններում ձեռնպահ կմնան տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հետ անհամատեղելի որևէ այլ ձևով ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից: Նրանք որևէ երրորդ կողմի թույլ չեն տա օգտագործել իրենց համապատասխան տարածքները մյուս Կողմի դեմ ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող ուժի կիրառման համար։
Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։
Երկու Կողմերի կողմից սույն Համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերն անցած լինելու մասին ծանուցումների փոխանակումից հետո _____ օրվա ընթացքում Կողմերը դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն միմյանց հետ՝ Դիվանագիտական և Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի (համապատասխանաբար 1961թ. և 1963թ.) կոնվենցիաների դրույթներին համապատասխան։
Ամբողջությամբ համապատասխանելով սույն Համաձայնագրի հոդված I-ով նախատեսված իրենց պարտավորություններին՝ Կողմերը բարեխղճորեն բանակցություններ կվարեն համապատասխան սահմանային հարցերով հանձնաժողովների միջև՝ համաձայն Հանձնաժողովների համաձայնեցրած կանոնակարգերի՝ Կողմերի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին համաձայնագիրը կնքելու նպատակով։
Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։
Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը։
Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարության ապահովման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով։
Կողմերը կարող են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, տարանցիկ փոխադրման ու տրանսպորտային, բնապահպանական, հումանիտար և մշակութային, համագործակցություն հաստատելու նպատակով կնքել համաձայնագրեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի մյուս անդամ պետությունների հետ Կողմերից յուրաքանչյուրի կողմից կնքված պայմանագրերով Կողմերի ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները։ Յուրաքանչյուր Կողմ կապահովի, որ իր և որևէ երրորդ կողմի միջև այժմ գործող միջազգային համաձայնություններից ոչ մեկը չի խաթարի սույն Համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը։
Կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում կառաջնորդվեն միջազգային իրավունքով և սույն Համաձայնագրով: Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես սույն Համաձայնագրի չկատարման հիմնավորում: Կողմերը, Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի (1969թ.) կոնվենցիային համապատասխան, ձեռնպահ կմնան այնպիսի գործողություններից, որոնք կխախտեն սույն Համաձայնագրի խնդիրն ու նպատակը մինչև դրա ուժի մեջ մտնելը։
Կողմերը երաշխավորում են սույն Համաձայնագրի ամբողջական կատարումը և կստեղծեն երկկողմ Հանձնաժողով՝ սույն Համաձայնագրի կատարումը վերահսկելու նպատակով: Հանձնաժողովը կաշխատի Կողմերի կողմից համաձայնեցման ենթակա կարգավորումների հիման վրա։
Չհակասելով միջազգային իրավունքով և Կողմերի՝ իրենց փոխադարձ հարաբերություններում կատարման համար պարտադիր այլ պայմանագրերով ստանձնած իրավունքներին ու պարտականություններին՝ Կողմերը կձգտեն լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ ցանկացած վեճ ուղիղ խորհրդակցությունների միջոցով, այդ թվում՝ հոդված XIII-ում նշված Հանձնաժողովի շրջանակներում։ Եթե նման խորհրդակցությունները 6 ամսվա ընթացքում երկու Կողմերի համար ընդունելի արդյունք չտան, ապա Կողմերը կփնտրեն վեճերի խաղաղ կարգավորման այլ միջոցներ։
Չհակասելով հոդված XIV-ին՝ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջև գոյություն ունեցած խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում։ Կողմերը դիվանագիտական, տեղեկատվական և այլ ոլորտներում որևէ կերպ չեն իրականացնի, խրախուսի կամ ներգրավվի միմյանց նկատմամբ սույն Համաձայնագրին հակասող թշնամական գործողություններում և կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն այդ նպատակով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան ներքին ընթացակարգերի ավարտի մասին ծանուցող փաստաթղթերի փոխանակումից հետո: Սույն Համաձայնագիրը կգրանցվի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան։
Սույն Համաձայնագիրը կնքված է հայերեն, ադրբեջաներեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր երեք տեքստերը հավասարազոր են: Հավասարազոր տեքստերից որևէ մեկի դրույթի նշանակության հետ կապված տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը: Ամսաթիվ, վայր
Հրատարակություն և վերօգտագործում
Agreement on Establishment of Peace and Inter-State Relations, initialed 8 August 2025; MFA publication dated 11 August 2025, Articles I–XVII.
Ստուգված է: 7 նոյեմբերի 2026 թ.
Պաշտոնական իրավական փաստաթղթերն ու դրանց պաշտոնական թարգմանությունները ՀՀ հեղինակային իրավունքի մասին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով հեղինակային իրավունքի օբյեկտ չեն։ Վերարտադրվում է միայն հրապարակված փաստաթղթի տեքստը․ կայքի ձևավորումն ու խմբագրական նյութերը ներառված չեն։
Տեքստի իրավունքներՀամատեքստ
Կարդացեք թվագրված աղբյուրը և առնչվող փաստաթղթերը․ ցանկի նկարագրությունը տարանջատված է բնագրից։
Արխիվում տեղադրված հրատարակությունները վերը նշված են՝ լեզուների, աղբյուրների, ընդգրկման և վերօգտագործման առանձին պայմաններով։
- Պատմական ժամանակաշրջան
- Անկախ Հայաստան
- Թեմաներ
- Սահմաններ և պայմանագրեր
Աղբյուր և ծագում
- Փաստաթղթի ամսաթիվ
- 8 օգոստոսի 2025 թ.
- Փաստաթուղթը կազմած հաստատություն
- Foreign Ministers of Armenia and Azerbaijan
- Աղբյուրի հղման տվյալներ
- Armenia–Azerbaijan peace agreement: initialed text — 2025-08-08
- Սկզբնաղբյուրի լեզու
- en
- Հրատարակություն
- Անգլերեն · Բնագրի լեզվով հրատարակություն; Հայերեն · Բնագրի լեզվով հրատարակություն
Իրավունքներ և վերօգտագործում
Hayki-ի ցանկի նկարագրությունները՝ CC BY 4.0։ Տեքստի յուրաքանչյուր տեղադրված հրատարակության համար առանձին նշված են իրավունքներն ու աղբյուրը։
Hayki-ի ցանկը՝ CC BY 4.0։ Տեքստերի համար գործում են դրանց առանձին արտոնագրերը։ CC BY 4.0
Իրավունքների մասին հղումՀղման տվյալներ
Foreign Ministers of Armenia and Azerbaijan. Հայաստան–Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստ. 2025-08-08. Armenia–Azerbaijan peace agreement: initialed text — 2025-08-08. Ministry of Foreign Affairs of Armenia. https://www.mfa.am/en/press-releases/2025/08/11/Initialed%20Arm-Az%20Peace%20Agreement%20text/13394