«Հայկի նետը» Հայաստանի ապագայի տեսլականը կապում է ռազմավարական մտքի և համատեղ գործողության հետ։ Մենք համոզված ենք, որ ուժեղ, ինքնիշխան հայկական պետությունն ու նրա ժողովրդի անվտանգությունը, արժանապատվությունը, ազատությունն ու բարեկեցությունն անբաժանելի են։ Այս արժեքներն ու սկզբունքները Հայկական ռազմավարական կենտրոնի, նրա Փորձագիտական ցանցի և Առաջնորդների ցանցի ընդհանուր հիմքն են և ուղենիշ՝ նրանց աշխատանքին մասնակցող յուրաքանչյուր անձի համար։
1. Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը
Մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Հայաստանի ապագային վերաբերող որոշումները պետք է կայացնի նրա ժողովուրդը՝ սահմանադրական օրինական հաստատությունների միջոցով և արտաքին հարկադրանքից զերծ։ Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքի ու բնակչության պաշտպանությանը, արդյունավետ ազգային պաշտպանությանը և վեճերի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Միջազգային գործընկերությունները պետք է ամրապնդեն ինքնիշխան որոշումներ կայացնելու և իրագործելու Հայաստանի կարողությունը։
2. Ժողովրդավարական պետականությունն ու իրավունքի գերակայությունը
Մենք աջակցում ենք ուժեղ, գործունակ և ժողովրդավարական հայկական պետությանը, որը ղեկավարվում է Սահմանադրությամբ և իրավունքի գերակայությամբ։ Հանրային հաստատությունները պետք է պաշտպանեն իրավունքները, ապահովեն անհրաժեշտ ծառայությունները և գործեն մասնագիտորեն, թափանցիկ ու հանրային շահից ելնելով։ Մենք պաշտպանում ենք ազատ և արդար ընտրությունները, հաշվետու կառավարումը, անկախ դատական համակարգն ու իշխանության խաղաղ փոխանցումը։ Մերժում ենք կոռուպցիան, կամայական կառավարումը, քաղաքական բռնությունը և հանրային իշխանության օգտագործումը՝ անձնական կամ կուսակցական առավելություն ստանալու համար։
3. Մարդու արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունը
Մենք պաշտպանում ենք յուրաքանչյուր մարդու անօտարելի արժանապատվությունը, հիմնարար իրավունքներն ու ազատությունները և օրենքի առջև հավասարությունը։ Արտահայտվելու, խղճի և միավորվելու ազատությունը, ինչպես նաև խտրականությունից ու կամայական վերաբերմունքից պաշտպանությունը անվտանգ և բարգավաճ հասարակության անհրաժեշտ պայմաններ են։ Ազգային ուժը մենք կապում ենք մարդկանց՝ անվտանգ ապրելու, ազատ մտածելու, իմաստալից մասնակցություն ունենալու և արժանապատիվ ապագա կերտելու հնարավորության հետ։ Հանրային քաղաքականությունը պետք է ընդլայնի այդ հնարավորությունները և պաշտպանի խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց։
4. Հայաստանի և սփյուռքի համատեղ պատասխանատվությունը
Հայաստանն ու սփյուռքը դիտարկում ենք որպես հայ ազգի փոխկապակցված մասեր, որոնք հարստանում են տարբեր փորձառություններով, ավանդույթներով ու մոտեցումներով։ Ձգտում ենք կայուն կապերի, որոնց միջոցով հայերը կարող են իրենց գիտելիքը, առաջնորդական կարողությունները, ժամանակն ու ռեսուրսները ներդնել ընդհանուր նպատակների իրականացման մեջ։ Համագործակցությունը պետք է հիմնվի փոխադարձ հարգանքի և Հայաստանում ու արտերկրում ապրող մարդկանց պայմանների ըմբռնման վրա։ Հարգում ենք յուրաքանչյուրի քաղաքացիությունն ու իրավական պարտավորությունները և խրախուսում նվիրվածության, կարողությունների ու պատասխանատվության վրա հիմնված ներդրումը։
5. Հայկական ինքնությունը, լեզուն և մշակութային ժառանգությունը
Մենք հանձնառու ենք պահպանելու և զարգացնելու հայկական ինքնությունը, հայոց լեզուն, մշակույթն ու պատմական հիշողությունը՝ որպես մեր ընդհանուր ապագայի կենդանի հիմքեր։ Աջակցում ենք կրթությանը, մշակութային ինքնարտահայտմանն ու ժառանգության փոխանցմանը սերունդների միջև՝ խրախուսելով ստեղծագործականությունն ու աշխարհի հետ հաղորդակցությունը։ Ընդունում ենք հայկական փորձառությունների և ավանդույթների բազմազանությունը և ձգտում կապերի, որոնք ամրապնդում են մեր պատկանելության զգացումը։ Հայկական ինքնության հանդեպ հարգանքն անբաժան է այլ ժողովուրդների արժանապատվության, մշակույթների ու պատմության հանդեպ հարգանքից։
6. Խաղաղությունը, անվտանգությունն ու պատասխանատու միջազգային ներգրավվածությունը
Մենք աջակցում ենք տևական խաղաղությանը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հարգման վրա։ Դիվանագիտությունը, վստահելի պաշտպանությունն ու փոխշահավետ համագործակցությունը դիտարկում ենք որպես ազգային անվտանգության փոխլրացնող հիմքեր։ Մերժում ենք ագրեսիան, հարկադրանքը, ժողովուրդների նկատմամբ ատելությունն ու քաղաքացիական անձանց թիրախավորումը։ Պատասխանատու միջազգային ներգրավվածությունը պահանջում է Հայաստանի շահերի, քաղաքական ընտրությունների հետևանքների և մարդկային կյանքը պաշտպանելու ու խաղաղությունը պահպանելու համար անհրաժեշտ հանձնառությունների հստակ գնահատում։
7. Մտավոր ազնվությունն ու անկախ դատողությունը
Գիտելիք ենք ձեռք բերում ապացույցների, հիմնավոր տրամաբանության և տարբեր փաստարկների բաց քննության միջոցով։ Փաստերը տարբերակում ենք ենթադրություններից ու մեկնաբանություններից, ընդունում անորոշությունը և վերանայում մեր եզրակացությունները, երբ ապացույցները դա պահանջում են։ Պաշտպանում ենք բարդ հարցեր տալու և գերիշխող, այդ թվում՝ մեր սեփական տեսակետները քննության ենթարկելու ազատությունը։ Ընդհանուր սկզբունքները կառուցողական անհամաձայնության հիմք են, այլ ոչ հետազոտական նույնական արդյունքներ, քաղաքական կարծիքներ կամ առաջարկություններ պարտադրող կանոններ։
8. Բարեվարքությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը
Գործում ենք ազնվորեն, կատարում մեր հանձնառությունները և պատասխանատվություն կրում մեր որոշումների, վարքի ու աշխատանքի համար։ Բացահայտում ենք առնչվող կազմակերպական կապերը, աջակցության աղբյուրներն ու շահերի բախումները, որպեսզի մյուսները կարողանան արդարացիորեն գնահատել մեր ներդրումը։ Պաշտպանում ենք գաղտնի տեղեկությունները, հարգում մտավոր սեփականությունը և պատշաճ կերպով նշում ուրիշների աշխատանքի հեղինակությունը։ Մերժում ենք գրագողությունը, մոլորեցնող ներկայացումը, թաքնված ազդեցությունը և «Հայկի նետի» անվան կամ ցանցերի օգտագործումը՝ ոչ իրավաչափ անձնական առավելություն ստանալու համար։
9. Հարգալից և կառուցողական համագործակցությունը
Համագործակցությունը կառուցում ենք փոխադարձ հարգանքի, բարեխղճության և լսելու պատրաստակամության վրա։ Ողջունում ենք տարբեր ծագում, համոզմունքներ, մասնագիտություններ, սերունդներ ու քաղաքական հայացքներ ներկայացնող մարդկանց՝ ակնկալելով, որ բոլորը կպահպանեն այս ընդհանուր սկզբունքները։ Գաղափարները վիճարկում ենք հիմնավոր փաստարկներով, իսկ տարաձայնությունները քննարկում առանց հետապնդման, ահաբեկման, խտրականության կամ անձնական հարձակումների։ Վստահությունը ձևավորվում է արդար վերաբերմունքից, հուսալի վարքից և միմյանց ներդրումը ճանաչելուց։
10. Գործնական ներդրումն ու երկարաժամկետ հանրային նպատակը
Ձգտում ենք գիտելիքը, առաջնորդությունն ու համագործակցությունը վերածել հանրային բարիքին ծառայող արդյունքների։ Մեր աշխատանքը պետք է ամրապնդի Հայաստանի անվտանգությունը, ինստիտուցիոնալ կարողությունները, տնտեսական դիմակայունությունն ու մարդկային զարգացումը՝ միաժամանակ խորացնելով աշխարհի հայերի միջև կառուցողական կապերը։ Նախաձեռնությունները գնահատում ենք ըստ օգտակարության, իրագործելիության և երկարատև արժեքի, ռեսուրսներն օգտագործում պատասխանատու կերպով և սովորում ինչպես հաջողություններից, այնպես էլ ձախողումներից։ Մասնակցությունը ենթադրում է սեփական կարողությունների և համաձայնեցված պարտականությունների շրջանակում ներդրում ունենալու հանձնառություն։
Միանալու հանձնառությունը
Ես կարդացել և կիսում եմ «Հայկի նետի» արժեքներն ու սկզբունքները և համաձայն եմ պահպանել դրանք իմ մասնակցության ընթացքում։ Կգործեմ բարեվարքորեն, կհարգեմ մյուսների արժանապատվությունն ու անկախությունը, կբացահայտեմ առնչվող շահերի բախումները և կկատարեմ իմ ստանձնած պարտականությունները։ Հասկանում եմ, որ կառուցողական անհամաձայնությունը ողջունելի է, և մասնակցությունը չի պահանջում համաձայնություն յուրաքանչյուր հրապարակման, քաղաքական առաջարկության կամ կազմակերպական դիրքորոշման հետ։