ԸՆԹԵՐՑՈՂԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՑԸ
Ի՞ՆՉ Է ՏԱԼԻՍ ԱՅՍ ԴՈԿՏՐԻՆՆ ԱՆՁԱՄԲ ԻՆՁ
Այս գիրքը գրված է անձամբ քեզ համար՝ այն մարդու, ով հիմա այն պահում է իր ձեռքերում։ Դրա հիմքում ընկած ամբողջ մտահղացումն ուղղված է քեզ։ Սա գործնական ուղեցույց է այն մասին, թե ինչպես պաշտպանել քո կյանքը, բացահայտել քո մեջ թաքնված ուժերը և մեր իսկ ձեռքերով կերտել մեր սեփական ապագան։
Դու ես այս ողջ ծրագրի գլխավոր դեմքը։ Այստեղ յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր գծագիր և յուրաքանչյուր քայլ ունի մեկ նպատակ՝ պաշտպանել քեզ, զարգացնել քո տաղանդները և ընդլայնել քո հնարավորությունները։ Առանց քեզ, առանց քո կենդանի մտքի և էներգիայի՝ հզոր ու անկոտրում երկիր կառուցելու մեր ծրագիրը կմնա միայն թղթի վրա։ Աճելու, վաստակելու և հաղթելու քո ձգտումը պատահականություն չէ։ Դու եզակի ես և կենսականորեն կարևոր հայ ժողովրդի համար։ Հենց քո ուժի, քո ժամանակի և քո որոշումների վրա է հենվում մեր ընդհանուր պետության ողջ ապագան։
Ներկայացնելով այս ծրագիրը՝ ես քեզ չեմ կոչ անում զոհաբերել քո անձնական նպատակները հանուն մեր Պետության։ Ընդհակառակը, մենք միասին վերակառուցում ենք մեր Պետությունն այնպես, որ այն քայլ առ քայլ ապահովի այն ամենը, ինչ անհրաժեշտ է անձամբ քեզ վստահ ու արժանապատիվ կյանքի համար։
Քո հիմքը՝ լիակատար անվտանգություն և անձեռնմխելիություն։ Քո, քո ընտանիքի և երեխաներիդ կյանքը, քո տունը, ողջ գույքդ, վաստակած գումարներդ կլինեն հուսալիորեն պաշտպանված։ Արտաքին Բելը չպետք է կարողանա կործանել քո կյանքն ու տունը, իսկ նրա ներքին ծառաները՝ խլել քո ունեցվածքը։ Քո անձնական կյանքի և ազնիվ աշխատանքիդ արդյունքների պաշտպանությունը դառնում է Պետության անսակարկ պարտականությունը։
Քո միջավայրը՝ ազատություն անօրինությունից, ճնշումներից և խոչընդոտներից։ Դու լիովին ազատվում ես անարդարության, պաշտոնեական շորթումների ու անվերջանալի թղթարարության դեմ պայքարի վրա ուժերդ վատնելու անհրաժեշտությունից։ Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ քո էներգիան, բիզնեսն ու կապիտալը կարող են առավելագույնս ծառայել քո և ընտանիքիդ բարեկեցությանն ու մեր ընդհանուր Պետության հզորացմանը։
Քո ներդրումը՝ հետք թողնելու հնարավորություն։ Քո միտքն ու կարողություններն այլևս երբեք չեն բախվի ծանոթ-բարեկամական կապերով և հովանավորչությամբ կառուցված խուլ պատին։ Առաջընթացիդ հիմքը լինելու են իրական գիտելիքները, աշխատանքն ու ազնիվ ճանապարհով ձեռք բերած արդյունքները։ Այսուհետ քո մտքի ուժն ու հավակնություններիդ մասշտաբն ուղղակիորեն են որոշելու, թե ինչպես ենք մենք կառավարում իրականությունը և կառուցում մեր ընդհանուր աշխարհը։
ԲԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ԽԱԲԿԱՆՔԸ ՀԱՅԿԻ ԴԵՄ.
ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԹԱԿԱՐԴԸ
Հայրս խորապես գնահատում էր Գայ Ռիչիի «Ռևոլվեր» ֆիլմը։ Նա բազմիցս դիտում էր այն․ ժամագործի իր խորաթափանցությամբ ֆիլմում տեսնում էր արժեքավոր փիլիսոփայություն և պատմության մեծագույն խաբեության՝ մաթեմատիկական ճշգրտությամբ կառուցված սխեման։
Ֆիլմի գլխավոր գաղափարներից մեկը ես ձևակերպում եմ այսպես․ մեծագույն թշնամին թաքնվում է այնտեղ, որտեղ ամենաքիչն ես նրան փնտրում՝ քո իսկ էգոյի ներսում՝ իր ձայնը ներկայացնելով որպես քո սեփականը։
Հա՛յկ, ո՛վ հիմա կարդում ես այս տողերը, Բելը քո դեմ անթերի պարտիա խաղաց։ Այո՛, հենց քո և քո փայլուն մտքի դեմ։ Նա օգտվեց սեփական բացառիկության հանդեպ քո հավատից։ Նա մեղմորեն շշնջաց քո էգոյին․ «Դու չափազանց խելացի ես այս փտած համակարգի համար։ Դու ինքնավար ես։ Դու առանձին ես։ Դու ունակ ես միայնակ փրկվել։ Կառուցի՛ր քո փակ միկրոաշխարհը, պատնեշվի՛ր փողով, կարիերայով կամ արտասահման փախչելով։ Մեկ առ մեկ հաղթի՛ր բոլորին, պահպանի՛ր քո անձնական հարմարավետությունը, և դու հաղթած կլինես»։
Քո էգոն ուրախությամբ կուլ տվեց այս խայծը։ Ամբողջից քո օտարացումը դու համարեցիր անձնական ազատության, ուժի, անկախության և պրագմատիզմի նշան։ Բայց դա քո կյանքի մեծագույն խաբկանքն էր։ Բելը քո գլխավոր թշնամուն թաքցրեց քո իսկ գլխի մեջ՝ կամքդ կաթվածահար անող իր ձայնը ներկայացնելով որպես քո ինքնիշխան ընտրություն։ Քեզ պարզապես մեկուսացրին մեր համազգային ցանցից, որպեսզի արյունաքամ անեն մեր համակարգը և հատ-հատ խժռեն բոլորիս, այդ թվում՝ քեզ։
Որովհետև իրականության դաժան օրենքը գործում է անխուսափելիորեն՝ անկախ նրանից, թե որքան հանճարեղ և ապահով ես դասավորել քո անձնական կյանքը։ Անձնական անվտանգությունը, անհատական հաջողությունն ու գույքիդ անձեռնմխելիությունը չեն կարող երկար պահպանվել այնտեղ, որտեղ քայքայվում է մեր քաղաքակրթության և պետության ընդհանուր հիմքը։
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՆՈՒՅՆ ՆԱՎԻ ՎՐԱ ԵՆՔ
Մարդկային ընկալման առանձնահատկությունների պատճառով մենք ծննդից ի վեր ապրում ենք ուրիշներից անջատ լինելու պատրանքով։ Մենք սովոր ենք մեզ նույնացնել բացառապես մեր ֆիզիկական մարմնի հետ և այդ պատճառով դադարում ենք մերձավորի ցավն ու ուրախությունը զգալ որպես մերը։ Իմ աշխարհայացքում հայկական հնագույն ժառանգության ընկալումն ու Հիսուսի՝ մերձավորին սեփական անձի պես սիրելու պատգամը միավորվում են մեկ սկզբունքի շուրջ՝ ուրիշի կյանքը, արժանապատվությունն ու ապագան գնահատել նույն պատասխանատվությամբ, ինչ սեփականը։ Այս դոկտրինի հոգևոր հիմքում գիտակցությունների միասնության գաղափարն է․ մենք մեկ ամբողջության մասն ենք, և մեր լիակատար անջատվածության զգացումը պատրանք է։
Այս ճշմարտությունը տասնամյակներ շարունակ հնչում է Արթուր Մեսչյանի փիլիսոփայության և երգերի մեջ։ Լինելով ճարտարապետ ոչ միայն մասնագիտությամբ, այլև ոգով՝ նա անզիջում կերպով մեզ զգուշացնում էր հոգևոր կուրության աղետի մասին, երբ մասնավոր բարեկեցությունը հակադրվում է ընդհանուր ճակատագրին։ Մեսչյանի ընդվզումը ես ընկալում եմ որպես բողոք ոչ թե շուկայական տնտեսության, այլ ազգն անսկզբունքային շուկայի վերածելու դեմ, որտեղ բացահայտ վաճառքի են հանվում խիղճն ու պարտքը։
Մեզ անհրաժեշտ է գիտակցաբար ուղղորդվող կապիտալիզմ։ Ազատ շուկան, մասնավոր նախաձեռնությունն ու կապիտալը հսկայական միջուկային էներգիա են։ Եվ պետությունը պարտավոր է այդ էներգիան ուղղել մեկ գերագույն նպատակի՝ Անառիկ Հայկական Քաղաքակրթության կառուցմանը։ Սա այն պրագմատիզմն է, որի վրա Լի Կուան Յուն կառուցեց Սինգապուրը, իսկ Ալեքսանդր Համիլթոնն ու Պակ Չոնգ Հին նպաստեցին համապատասխանաբար ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի արդյունաբերական հզորացմանը։
Կապիտալը պետք է ծառայի Մարդուն և Պետությանը, ոչ թե Մարդը և Պետությունը՝ կապիտալին։ Մարդկության մեծագույն ողբերգությունը նպատակն ու միջոցը շփոթելն է։ Կապիտալը միջոցից վերածվել է ինքնանպատակի։ Մարդն Արարչի պատկերով ու նմանությամբ ստեղծված արարողից դարձել է կապիտալի ստրուկ։
Այս հավասարակշռության խախտումը ճանապարհ բացեց Բելի հայեցակարգի՝ ծայրահեղ եսակենտրոնության հաղթարշավի համար։ Եղբայրների միջև մրցակցությունը կտրվեց ընդհանուր պատասխանատվությունից և վերածվեց արտաքին փայլի ու նյութական հաջողության մրցավազքի, որտեղ մարդու արժեքը չափվում էր բացառապես նրա ունեցվածքով։ Սակայն գոյաբանական սպառնալիքի առջև մենք բոլորս միանգամայն հավասար ենք։ Աշխարհաքաղաքական տարերքն ու հարձակվող Բելի գերճշգրիտ զենքը դասային տարբերություններ չեն ճանաչում։ Դրանց համար նշանակություն չունեն ո՛չ բանկային հաշվիդ մնացորդը, ո՛չ մեքենայիդ մակնիշը, ո՛չ դիպլոմդ, ո՛չ էլ բնակությանդ վայրի հեղինակությունը։ Արտաքին ճգնաժամն ակնթարթորեն և անողոքաբար զրոյացնում է քո ցանկացած պատրանքային նվաճում։
Պատկերացրո՛ւ Նավը։ Փոթորկի առջև մենք չունենք առանձին, ապահով նավախցիկներ։ Կարելի է հսկայական ջանքեր գործադրել՝ սեփական նավախցիկը կատարյալ դարձնելու, այն ամենաթանկարժեք իրերով կահավորելու և անթերի հարմարավետություն ստեղծելու համար՝ երբեմն զուտ հարևանից լավ ապրելու նպատակով։ Բայց եթե նավի հատակին անցք կա, քո նավախցիկը խորտակվելու է ամբողջ նավի հետ միասին։ Եվ այդ պահին քեզ չեն փրկի կուտակված նյութական բարիքները։ Ոչնչացման առջև մենք՝ հայերս, բոլորս հավասար ենք։
Շատերը փրկություն են փնտրում արտագաղթի մեջ։ Այն կարող է լուծել անձնական հրատապ խնդիրներ, բայց չի վերացնում ընդհանուր անվտանգության հարցը։ Աշխարհի ոչ մի պետություն հավերժ պաշտպանված չէ ճգնաժամերից։ Արտասահմանում դու տեղափոխվում ես մի ուրիշ նավ, որի ամրությունն ու ուղղությունը նույնպես կախված են քեզնից դուրս ընդունվող որոշումներից։ Այնտեղ ևս կարող ես բախվել իրավական, սոցիալական ու արժեքային խոչընդոտների։ Երկիրը փոխելը դեռ չի նշանակում վերջնականապես լուծել անվտանգության և ինքնության պահպանման խնդիրները։
Սակայն քո ապագան ամբողջությամբ օտար միջավայրին վստահելիս դու վտանգում ես նաև սերունդներիդ կապը սեփական լեզվի, մշակույթի և հայրենիքի հետ։ Այդ կապն ինքնաբերաբար չի պահպանվում․ այն պահանջում է գիտակցված ու հետևողական աշխատանք։ Արտասահմանում ֆիզիկական անվտանգություն ապահովելը դեռ չի երաշխավորում հայկական ինքնության շարունակականությունը։ Եթե այն պահպանելու ջանքը դադարի, երեխաներդ կամ թոռներդ կարող են աստիճանաբար կորցնել այդ կապը։
Եթե ընտրում ես ապրել, արարել և շարունակել հայոց զարմը հայկական հողի վրա, ուրեմն քո ճակատագիրն անքակտելիորեն կապված է մեր ընդհանուր Նավի ամրության, նրա նավապետական կամրջակի վրա ընդունվող որոշումների և Նավից դուրս տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Քանի դեռ Հայկի սերունդները զբաղված են միմյանց միջև մանր ու անհեռանկար մրցակցությամբ, Բելը խաղում է շատ ավելի բարձր մակարդակում՝ բոլորովին այլ, անողոք ոչնչացման խաղ։ Առանց հզոր Պետության քո ցանկացած մասնավոր հաջողություն արագորեն կդառնա անպաշտպան թիրախ։ Նման պարագայում քո հաջողության զրոյացումը ժամանակի հարց է։ Բայց դրանից կարելի է խուսափել։
ԵՐԿՈՒ ՈՒՂԻ
Ես քեզ չեմ կոչ անում դառնալ քաղաքական գործիչ։ Գիտակցության զարթոնքը քեզնից պահանջում է շատ ավելի պարզ ու գործնական ընտրություն՝ մտածողության երկու ձևերի միջև։ Այդ ընտրության առջև դու կանգնած ես ամեն օր։
ՊԱՏՐԱՆՔԱՅԻՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ
Դու շարունակում ես քո գլխում սնել Բելին՝ ձևացնելով, թե Պետության ապագան քեզ չի վերաբերում, և ասելով. «Ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում»։ Դու պարփակվում ես սեփական կենցաղի սահմաններում, էներգիադ վատնում սպառման մրցավազքում՝ մնալով օտարի մեծ խաղի պասիվ մասնակիցը։
Արդյունքը՝ վաղվա օրվա նկատմամբ մշտական, ներսից քայքայող վախ։ Այն ամենի աստիճանական արժեզրկում, ինչի մեջ ներդրվել են քո անձնական ուժերն ու տարիների աշխատանքը։ Իսկ վատագույն սցենարի դեպքում՝ Պետության կորուստ և հարկադիր գաղթ։ Վերջին գաղթը։
ԳԻՏԱԿՑՎԱԾ ԱՐԱՐՄԱՆ ՈՒՂԻՆ
Դու կամային որոշմամբ դուրս ես գալիս մտային մեկուսացումից, կոտրում ես Բելի սցենարը։ Դու սկսում ես քո Պետությունը դիտարկել որպես սեփական անվտանգության, երջանկության և բարգավաճման գլխավոր նախապայման։ Ուղղելով քո միտքը, մասնագիտական հմտությունները, ռեսուրսները կամ կապիտալը երկրի արդիականացմանը՝ դու ուղղակիորեն ներդրում ես կատարում քո և քո տոհմի մեջ։
Արդյունքը՝ Անառիկ Հայկական Քաղաքակրթության կառուցում, որը պաշտպանում է քո կյանքը, ամրապնդում անվտանգությունդ և պայմաններ ստեղծում, որ քո տոհմն ու ազգը սերնդեսերունդ ապրեն սեփական հողում՝ որպես իրենց ապագայի տերեր։
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Եթե քեզ թվում է, թե այս ընտրությունը կարելի է շրջանցել, դու սխալվում ես։ Դա Բելի մեծագույն պատրանքն է։ Ընտրություն չկատարելը նույնպես ընտրություն է, որն ինքնաբերաբար և անշրջելիորեն տանում է առաջին՝ կործանարար ուղով։ Պատմական անգործության համար միշտ ստիպված ես լինում վճարել ամենաբարձր՝ գոյաբանական գինը։
Կա՛մ մենք միասին կհաղթահարենք պառակտվածության պատրանքը, վեր կկանգնենք մանր եսակենտրոնությունից և կառուցողի սառը տրամաբանությամբ կվերակառուցենք մեր Պետությունը՝ հիմնվելով արդյունավետության ու ճշգրիտ հաշվարկի վրա, կա՛մ վաղ թե ուշ կկորցնենք ամեն ինչ՝ բացարձակապես ամեն ինչ։
Այս գիրքը քեզ չի առաջարկում սփոփիչ առասպելներ։ Այն առաջարկում է Պետության կառուցման գործնական գծագիր՝ ցույց տալով, թե ինչպես մեր ընդհանուր հաղթանակի ձգտումը վերածել հաշվարկված քայլերի, իսկ Պետության հզորացումը՝ քո անձնական առաջընթացի հենարանի։